Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԷ ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ»

«ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԷ ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ»
08.11.2011 | 00:00

Երբ շարքային քաղաքացին դիմում է նախարարություններ` թափուր աշխատատեղն զբաղեցնելու հույսով, նրանից պարտադիր պահանջում են քաղծառայության քննության լիցենզիա: Հանձնելով քննությունը, լիցենզիան ձեռքին կրկին ներկայանում է նախարարություն, բայց տեղն արդեն զբաղված է: Ստիպված փաստաթղթերով ու լիցենզիայով մի նախարարությունից մյուսն է գնում, սակայն ապարդյուն: Ի դեպ, լիցենզիան գործում է մեկ տարի, ու եթե այդ ընթացքում չկարողացար աշխատանք գտնել, վերստին պիտի քննություն հանձնես, ու այսպես շարունակ: Մեզ են դիմել մի խումբ երիտասարդներ, ովքեր քննությունն անցել են, սակայն չեն կարող որևէ նախարարության հայտարարած մրցույթով անցնել, քանի որ, նրանց հավաստմամբ, իրականում մրցույթ, որպես այդպիսին, չի լինում: Ասել է՝ վաղօրոք որոշված է, թե ում են նշանակելու այդ տեղում, պարզապես ձևական մրցույթ են հայտարարում: Այս առնչությամբ մի քանի հարցեր ուղղեցինք քաղծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, ով մինչ այդ փաստեց. «Քաղծառայողների աշխատավարձը համարժեք չէ նրանց կատարած աշխատանքին, և աճի կարիք կա»: «Աճն սկսել են «ամենաթույլ» օղակից՝ դատավորներից, դատախազներից» դիտարկմանն էլ ի պատասխան ասաց.
-Մեզ չպետք է մտահոգի որևէ ոլորտի աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը, այլ դա պիտի առնչվի բոլորին:
-Տարբեր առիթներով Դուք նշել եք, որ ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) համակարգը քաղծառայության քննությունների ժամանակ չի գործում: Դեռ այդպե՞ս է:
-Կրկին հավատարիմ ենք այդ մոտեցմանը: Բայց չեմ կարող վստահեցնել, որ վերացել են բոլոր տիպի սուբյեկտիվ մոտեցումները, ապավինում ենք ավելի շատ մեխանիզմներին, ասել է՝ մարդու գործոնի, միջամտության նվազեցմանը: Սրա վառ օրինակը թեստավորման համակարգի ներդրումն է, որը չի նայում՝ ով ում բարեկամն է: Շատ են եղել դեպքեր, երբ լրջագույն պաշտոնյաների բարեկամներ, ծանոթներ ձախողվել են գիտելիքների պակասի, անբարեխղճության ու անպատասխանատու վերաբերմունքի պատճառով:
-Զանգերն ու միջնորդությունները չե՞ն ավելացել:
-Տարեցտարի դրանք նվազում են, որովհետև հասարակության գիտակցության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել: Մարդը պիտի գիտելիքներ և պատասխանատվության զգացում ունենա, անկախ նրանից, թե ով է նրա հովանավորը: Հովանավորչությունը շատ վատ բան է:
-Կա նաև հարցի մեկ այլ կողմը. մեզ դիմել են երիտասարդներ, ովքեր հիանալի հանձնել են քաղծառայողի քննությունը, սակայն նախարարություններում նրանց չեն ընդունում, քանի որ արդեն նախօրոք որոշված է` ում պիտի նշանակել:
-Ցավոք, աշխատատեղերը պետական ծառայությունում, մասնավորապես քաղաքացիական ծառայության համակարգում, ավելի քիչ են, քան դրանց հավակնորդները: Տվյալ պարագայում կրտսեր խմբի պաշտոնների մասին է խոսքը, ովքեր արդեն հավաստագիր ունեն: Այո, նրանց մեջ հրաշալի երիտասարդներ կան, և ես վաղվա օրվա հույսը նրանց հետ եմ կապում: Կրտսեր խմբի աշխատանք փնտրող երիտասարդներին միշտ հորդորում եմ հույսը երբեք չկորցնել ու նպատակասլացությամբ փորձել իրենց տեղը գտնել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ